Գլխավոր / News / Թամարա Ժամհարյանի նոր ֆոտոշարքը և անկեղծ ու հետաքրքիր զրույցը

Թամարա Ժամհարյանի նոր ֆոտոշարքը և անկեղծ ու հետաքրքիր զրույցը

Տաղանդաշատ ու աշխատասեր երգչուհի, դերասանուհի Թամարա Ժամհարյանը շուտով հանդիսատեսին կներկայանա նորություններով. ոչ միայն երաժշտական ոլորտում, այլև ` դերասանական:  Այս ամենի և այլնի մասին մեզ հետ զրույցում կիսվում է երգչուհին: Ճիշտ հասկացաք. armdreams.com-ի հյուրասենյակում այս անգամ Թամարա Ժամհարյանն է, ում հետ ունեցանք անկեղծ ու հետաքրքիր զրույց,նաև նկարեցինք գեղեցիկ ֆոտոշարք:Ֆոտոշարքն ու  հարցազրույցը` ստորև:

-Ինչպե՞ս կայացրիք երգչուհի դառնալու որոշումը:

-Ասեմ, որ ես շատ ուշ եմ սկսել երգել:  Տասը տարի է, ինչ երգում եմ: Ես մասնագիտությամբ պարուհի-պարուսույց եմ: Հետո` ժամանակի ընթացքում, հասկացա, որ, լավ կլինի պարը ներկայացնել երգելով, ու դարձա պարերգչուհի: Այժմ, երբ երգում եմ հնդկական, հունական, պարսկական,  ասորական, ռումինական, վրացական, արաբական, մի խոսքով, շուրջ 27 ազգերի  երգեր նաև պարում եմ :

-Ձեր երգացանկից պարզ է դառնում, որ Ձեր ներկայացրած երգերը բազմաժանր են, այնուամենայնիվ, կառանձնացնե՞ք ամենահոգեհարազատ ժանրը:

-Հայկական-ժողովրդականն, իհարկե: Հիմա նաև մեծ կարևորություն եմ տալիս հորս` Նորայր Ժամհարյանի երգերին:

– Ձեզ տեսել ենք դերասանուհու կերպարում, ի՞նչ նորություններ կան այս ոլորտում:

-Այո’, դերասանական ասպարեզում փորձ ունեցել եմ: Խաղացել եմ տարբեր հեռուստասերիալներում, գեղարվեստական ֆիլմերում, գովազդներում: Այժմ էլ կան նոր առաջարկներ. Տեսնենք,  թե ինչպես կստացվի: Հստակ ես էլ դեռ ոչինչ չգիտեմ:

-Նշեցիք,  որ երգում եք տարբեր ազգերի երգեր: Լսե՞լ եք արձագանքներ հենց այդ ազգերի ներկայացուցիչներից: Ձեր աշխատանքները հասնու՞մ են նրանց:

-Ասորական, ուկրաինական, վրացական և այլ ազգերի հարսանիքների եմ մասնակցել ու երգել: Հենց այդ ժամանակ էլ մոտեցել են ու սկսել են իրենց լեզվով խոսել : Ես բացատրում եմ նրանց, որ չեմ հասկանում իրենց լեզուն, իսկ նրանք զարմանում ու ասում են` ինչպես կարելի է երգել այսքան մաքուր, արտասանել բառերն այսքան ճիշտ և զգալ երգը: Իմ պատասխանը հետևյալն է, որ մեր լեզուն  այնքան հարուստ ու ճոխ է , որ հնարավորություն է տալիս արտասանել այլ լեզուներ ճիշտ առոգանությամբ: Ոչ մի լեզու չունի բոլոր հնչուններն ունենալու հնարավորություն, իսկ հայերենն ունի, ինչն էլ հնարավորություն է տալիս ճիշտ երգել ու ներկայացնել այլ ազգերի երգն ու երաժշտությունը: Շատ կարևոր է  զգալ օտարի հոգին, Աստծուց տրված պարգև է մեր ժողովրդին:

-Ձեր հայրը` Նորայր Ժամհարյանը, հրաշալի երգերի հեղինակ է: Ժառանգե՞լ եք նրանից երգեր ստեղծելու տաղանդը:

-Ցավոք, ոչ: Շատ-շատ կուզենայի ես էլ երգեր գրեի, բայց չեմ փորձել, միշտ կարծել եմ, որ չի ստացվի: Բայց լավ միտք էր,  կարելի է փորձել:

-Վերջերս Նորայր Ժամհարյանը և Դուք ներկայացրիք «Իմ հասակը» երգն ու տեսահոլովակը: Ինչպե՞ս եկաք այս որոշմանը, ու՞մն էր առաջարկը:

-Գաղափարը իմն էր: Մտածեցի, որ գնում եմ ուրիշներց երգ եմ վերցնում, ինչու՞ չներկայացնեմ հորս երգերից մեկը: Եվ ընտրեցի նրա ամենահայտնի ու սիրված երգը, որը «Իմ հասակ»-ն է: Որոշել էի ինչ-որ մեկի հետ դուետ կատարել, հետո մտածեցի, որ հայրիկիցս լավ ոչ ոք իր երգը չի կարող երգել և յուրահատուկ կլիներ նաև հոր ու աղջկա դուետը, առաջարկեցի հորս միասին երգել: Շատ դժվար էր նրան համոզելը, բայց ստացվեց: Տեսահոլովակում մեզ հետ հրաշալի թիմ է աշխատել, շնորհակալ եմ բոլորից: Կարծում եմ` ստացվել է տեսահոլովակը:

-«Իմ հասակը» լսել ենք շատ երգիչ-երգչուհիների կատարմամբ, բայց այս երգը բոլորիս համար սիրելի է լուսահոգի Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ: Չկա՞ր պատասխանատվություն, միգուցե`  վախ, երգը ներկայացնելուց առաջ: Պատկերացնու՞մ էիք` ինչպիսին կլինի հանդիսատեսի արձագանքը:

-Իհարկե,  կար մեծ պատասխանատվություն: Հայրս, ինչպես գիտեք, Ֆլորա Մարտիրոսյանի դուդուկահարն է եղել, ես էլ նրա ձեռքերում եմ մեծացել: Նրանք միասին են աշխատել  այս երգի վրա: Ես վստահ եմ, որ Ֆլորա Մարտիրոսյանը երկնքից տեսնում է մեր կատարած աշխատանքը և ուրախանում: Տիկին Ֆլորայի կատարումը անկրկնելի էր և կար վախ, բայց կարծում եմ ` ինչքան էլ լավ կատարես միևնույն է նրա կատարումը մնալու է անկրկնելի: Մենք փորձել ենք յուրովի ու նորովի ներկայացնել երգը, մի փոքր էստրադային դարձնել, եթե աշխատանքի ու փոփոխության արդյունքում չի փչանում երգը, ուրեմն դատապարտելի ոչինիչ չկա: Կարծում եմ` լավ է ստացվել ու երգը արժանացել է հանդիսատեսի հավանությանը:

Երգչուհին հաճախ է ներկայանում երաժշտական նորություններով, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ է սպասվում հաջորդիվ, պատասխանեց, որ կտրուկ ոճափոխություն է պատրաստվում անել, կլինի պարային, աշխույժ երգ ու տեսահոլովակ: Թամարա Ժամհարյանը կարծում է , որ ավելի լավ է նորություններ ներկայացնել ուշ-ուշ, բայց որակով: Երգչուհու համար քննադատ, բայց անփոխարինելի խորհրդատու է հայրը` Նորայր Ժամհարյանը:

Նյութը  պատրաստեց  ՄԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, լուսանկարները՝ Արմեն Վիրաբյանի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *