Գլխավոր / News / ARMAN MANOUKIAN PARFUMS-ը կներկայանա նոր բույրով՝ «Mulholland Drive»

ARMAN MANOUKIAN PARFUMS-ը կներկայանա նոր բույրով՝ «Mulholland Drive»

2014 թվականին Հայաստանում հիմնադրվեց առաջին օծանելիքային բրենդը՝ ARMAN MANOUKIAN PARFUMS-ը: Պատմականորեն Հայաստանի տարածաշրջանում երբևիցե դեռ չի եղել օծանելիքի արտադրություն, սակայն այս փաստը ամենևին էլ խոչընդոտ չհանդիսացավ հիմնադրի՝Արման Մանուկյանի համար՝ընտրելու և զարգացնելու օծանագործության ոլորտը: Օծանագործի մասնագիտությունը ամենևին էլ հեշտերից չէ, բոլոր իր դժվարություններով և նրբություններով հանդերձ՝այն ունակ է բացահայտելու զարմանահրաշ և մոգական մի աշխարհ՝բոլոր այս ոլորտով զբաղվողների և պարզապես այն գնահատողների առջև:

2014 թվականին հեղինակն առաջին անգամ հանրությանը ներկայացավ իր «7 Մեղք 7 Բույր»խորագիրը կրող նախագծով,որի վրա աշխատել է շուրջ 4 տարի: Նախագծի շրջանակներում ներկայացված էին ինչպես հեղինակի 7 բույրերը, այնպես էլ նրա 7 գեղանկարչական աշխատանքները՝ կատարված սյուրռեալիստական մոտեցմամբ:

Այսօր արդեն՝2 տարի անց,երիտասարդ օծանագործը պատրաստվում է հանրությանը ներկայանալ իր նոր՝«Mulholland Drive» անվանումը կրող բույրով, որը ինչպես պատմում է ինքը՝ստեղծվել է ոգեշնչված «Անտեսված իրականը»խորագրով ցուցադրութունից և ամերիկացի ռեժիսսոր Դեվիդ Լինչի համանուն ֆիլմից:Ինչ վերաբերվում է ֆիլմին,ապա անշուշտ հարկ է նշել, որ «Mulholland Drive»-ը հոգեբանական թրիլլեր է`նկարահանված 2001 թվականին, որի հիմքում ընկած է՝  ամերիկացի տաղանդավոր ռեժիսսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան՝ Դեվիդ Լինչի սցենարը: Սյուրռեալիստական այս ֆիլմը բավականին մեծ ոգևորվածությամբ ընդունվեց կինոսերների կողմից և ավելին՝2001 թվականին Կաննի կինոփառատոնում Դ. Լինչի այս ֆիլմը ստացավ մրցանակ՝ որպես լավագույն ռեժիսսորական աշխատանք և նոմինացվեց Օսկար մրցանակաբաշխությանը նույն անվանակարգում: Շուտով ԼոսԱնջելեսի կինոքննադատների ասոցացիան,  «Cahiersdu Cinéma»-ն  և  «Time Out»-ը  ճանաչեցին «Mulholland Drive»՝որպես այդ տարիների լավագույն ֆիլմ, իսկ «Rolling Stone»-ը,  «Village Voice»-ը, «Sunday Times»-ը и «The Guardian»-ը ընդգրկեցին այն 21-րդ դարի առաջին տասնամյակում նկարահանված լավագույն ֆիլմերի եռյակում:[1]

Հետաքրքիր և բովանդակալից զրույց ունենցանք հեղինակ՝ Արման Մանուկյանի հետ, որտեղ նա կիսվեց ֆիլմից ստացված իր տպավորությունների, այն մասին թե ինչպիսի զուգահեռներ կան ֆիլմի և հեղինակային նոր համանուն բույրի միջև, խոսեց մոտակա ժամանակներս պլանավորվող շնորհանդեսի ինչպես նաև հետագա ծրագրերի մասին:Հարցազրույցը ներկայցնում ենք ստորև՝

 

-Արման, 2014 թվականին Դուք ներկայացրեցիք Ձեր՝  «7 Մեղք 7 բույր» խորագիրը կրող նախագիծը և այժմ ARMAN MANOUKIAN PARFUMS-ի երկրպագուներին եք պատրաստվում ներկայացնել Ձեր նոր՝ «Mulholland Drive» անվանումը կրող բուրային կոմպոզիցիան: Ինչպե՞ս առաջացավ բույրը ստեղծելու գաղափարը:

– Բույրը ստեղծելու գաղափարը ծագեց Սարո Գալենցի կողմից կազմակերպված՝ «Անտեսված իրականը» խորագրով ցուցադրությանը զուգահեռ, որը նվիրված էր սյուրռեալիզմին: Ես հիանում եմ նրանով՝ նրա յուրօրինակ մտածելակերպով, մշտապես ակտուալ և օժտված՝ ժամանակի զգացողությամբ: Այդպիսի մարդիք մեր օրերում շատ քիչ են:

Ցուցադրությունը անցկացվեց Հարություն Գալենցի տուն-թանգարանում և ուղեկցվեց մեծ հաջողությամբ: 29 նկարիչներ ներկայացրեցին իրենց աշխատանքներն՝արված սյուրռեալիստական մոտեցմամբ, այդ թվում և ես: Ցուցադրության հաջողությունը կայանում էր նրանում,որ չկար որևէ գերխնդիր՝ համախմբելու արդեն իսկ անվանի արվեստագետների, այլ կարիք կար ներկայացնելու բոլոր այն հեղինակներին՝ ովքեր իրապես մտածում և դատում էին սյուրռեալիստական էսթետիկայից ելնելով: Ոգեշնչված այդ ցուցադրությունից և Դեվիդ Լինչի արվեստից՝ես ստեղծեցի բույր, որը կարտացոլեր մարդկային ներքին երկակիությունը:Գիտակցականի և ենթագիտակցության խաղը, որտեղ անհնար է տարբերել արականն ու իգականը, որտեղ կա ուղղակի մարդ՝իր ներքին հակասություններով և գեղեցիկի ինտուիտիվ զգացումով:Բույրը ստացավ «Mulholland Drive»անվանումը՝վերցված Դեվիդ Լինչի համանուն ֆիլմից: Այս ֆիլմը գտնվում է բոլոր ժամանակների ամենահանելուկային և ոչ ավանդական ֆիլմերի ցանկում և ավելին՝ այնտեղ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

 –   Արման, պատմեք ֆիլմից ստացված Ձեր տպավորությունների մասին:

 –  Ֆիլմը կառուցված է փազլի սկզբունքով և դիտողը ինքուրույն պետք է հավաքի ֆիլմի ամբողջական գաղափարը: Ֆիլմում կան բազում սիմվոլներ և եթե դրանք չնկատենք, ապա դժար կլինի ընկալել իմաստը: Ես դիտել եմ ֆիլմը շատ անգամներ, և ամեն անգամ բացահայտել այս կամ այն կերպարը:  Եվ առաջին դիտումից էլ հասկացել եմ, որ միանշանակ գործ ունեմ գլուխգործոցի հետ:

 – Ինչպես գիտենք՝ ARMAN MANOUKIAN PARFUMS-ը զբաղվում է միայն նիշային օծանելիքի պատրաստմամբ, որը կարելի է ասել ինքնին արդեն արվեստ է: Որքա՞ն ժամանակ պահանջվեց ճիշտ բաղադրիչների ընտրության հարցում, որպեսզի ի վերջո ստացվեր վերջնական,ճիշտ կոմպոզիցոն լուծումը:

 -Բաղադրիչների ընտրությունը կախված է նախ և առաջ գաղափարից և անհրաժեշտ կոմպոզիցոն լուծումը գտնելու համար պահանջվում է բավականին երկար ժամանակ, հաճախ պահանջվում է անգամ 1 տարի և անգամ ավելին:Ես ընտրությունս կատարել եմ ինտուիտիվ, սյուրեալիստական հաղորդագրության կամ նամակի սկզբունքով, երբ միանգամից մտքիդ է գալիս այս կամ այն բառը, և այս դեպքում ևս,ես առանց երկար տատանվելու՝ընտրել եմ հատկապես այն բաղադրիչները, որոնք որ ակնթարթորեն հիշվել են:

 –  Իսկ ինչպիսի բաղադրիչներ են օգտագործվել բույրը ստեղծելիս՝ կներկայացնեք փոքր ինչ: Եվ ավանդական դարձած հարց՝ Ձեր նոր բույրը ստեղծված է կանանց թե՞ տղամարդկանց համար, և կարո՞ղ  են արդյոք նույն բաղադրիչներից պատրաստված կոմպոզիցիան կրել միևնույն ժամանակ և՛ կանայք և՛ տղամարդիք:

 Բույրը ունիվերսալ է՝ այն նախատեսված է ինչպես կանանց,այնպես էլ՝տղամարդկանց համար: Եվ նրանցից յուրաքանչյուրի վրա այն կունենա յուրովի հնչեղություն: Իսկ ինչ վերաբերվում է բաղադրիչներին , ապա իհարկե գոյություն ունեն հստակ արական և իգական, սակայն այստեղ ամեն բան կախված է կոմպոզիցիոն լուծումից և շատ բաղադրիչներ՝ նախատեսված տղամարդկանց համար կարողեն հնչել բավականին կանացի և հակառակը:

Բույրը ստեղծելիս օգտագործվել են հետևյալ բաղադրիչները՝ օշինդր, բերգամոտ, լայմ, չորացված խոտաբույսեր, դաշտային ծաղիկներ, սև պղպեղ, դառնահամ մեղր, մանուշակ, նռան կեղև, ծխեցված սալոր, կանեփ, ուդի ծառ, մադագասկարյան վանիլ, ամբրա, պաչուլի, մուշկ և պիստակ:

 -Արման, քանի որ Ձեր այս նոր բույրը ստեղծել եք ֆիլմից ոգեշնչված, ավելին՝ սյուրռեալիստական ֆիլմից, անշուշտ տեղին է նաև փոքր ինչ խոսել կինոարվեստի մասին : Սիրու՞մ եք արդոք դիտել ֆիլմեր և ունեք առհասարակ նախընտրած ռեժիսսոր և ժանր:

 – Շատ սիրում եմ կինոարվեստը: Եվ հատկապես այնպիսի ֆիլմեր,որոնք կրում են իրենց մեջ որոշակի երկակիություն և որտեղ ոչինչ հեշտչէ և միանշանակ: Ինձ գրավում է միստիկան, մոգականը, չասվածությունը, քանի որ միշտ գոյություն ունի երկու ճշմարտություն:

Շատ սիրում եմ Դ. Լինչին, Ա. Տարկովսկուն, Լարս Ֆոն Թրիերին, Ս. Փարաջանովին:

 -Ձեր նոր բույրն ունի՞ արդյոք,որևէ առանձնահատկություն՝  ի տարբերություն Ձեր նախորդ կոմպոզիցիաների, և եթե այո, ապա ինչու՞մ է կայանում՝«Mulholland Drive»-ի  առանձնահատկությունը:

 – Բոլոր իմ բույրերը ունեն իրենց սեփական մտահաղացումը և փոքրիկ պատմությունը, և յուրաքանչյուրն իր տեսակի մեջ՝ասես փոքրիկ կյանքլ ինի: Դրանցից յուրաքանչյուրն ասես ապրում է իր սեփական կյանքով: Երբեմն շատ հետաքրքիր է որոշ ժամանակ անց նորից վերադառնալ իմ բույրերին՝ ես դրանք սկսում եմ ընկալել լիովին այլ կերպ:

 – Արման ինչպես գիտենք Դուք օծանագործի մասնագիտությանը զուգահեռ նաև նկարիչ եք, կարողանու՞մ եք արդյոք տնօրինել Ձեր ժամանակը այնպես, որպեսզի այդ երկու ոլորտներում էլ կարողանաք լիարժեք ինքնաարտահայտվել: Եվ այդ երկու մասնագիտություններից որևէ մեկը գերադասում եք մյուսից,  թե՞ դրանք երկուսն էլ հավասարապես հոգեհարազատ են Ձեզ:

 – Ես կարծում եմ, որ օծանագործը՝ նախ և առաջ նկարիչ է, դրանք անբաժանելի հասկացողություններ են: Ինձ շատ հետաքրիր է աշխատել այդ երկու ոլորտներում էլ և մեկը մյուսին շատ օգնում են, քանի որ այս երկու դեպքում էլ՝պետք է լինի և կա գաղափարը:

Յուրաքանչյուր նկարիչ օծանագործ չէ,  սակայն յուրաքանչյուր օծանագործ՝ նկարիչ է:

 – Եվ ի վերջո երկար սպասված հարց՝ երբ է տեղի ունենալու Ձեր նոր՝«Mulholland Drive» անվանումը կրող բույրի շնորհանդեսը և հետագա ինչպիսի՞ սպասելիքներ ունենանք ARMAN MANOUKIAN PARFUMS-ից:  

 –  Բույրի շնորհանդեսը պլանավորվում է դեկտեմբեր ամսին: Այժմ բանակցություններ են ընթանում կազմակերպիչների հետ, բայց կարևորն այն է,որ միտքը, մտահաղացումը արդեն կյանքի է կոչված և մնում է միայն դրա կուլմինացիոն պահը: Իսկ բույրը կներկայանա իր օրիգինալ սրվակով և ֆիրմային փաթեթավորմամբ:

 

[1] https://ru.wikipedia.org/wiki/

 Լուսանկարները Ռեվմալ Եդիգարովի:

Նյութը պատրաստեց Նարե  Զաիմցյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *