Գլխավոր / News / Մարդու մեջ ամենաշատը գնահատում եմ մարդկայնությունը: ՀՐԱՆՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մարդու մեջ ամենաշատը գնահատում եմ մարդկայնությունը: ՀՐԱՆՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Նախորդ հարցազրույցներից մեկում անդրադարձել ենք ժողովրդական երգիչ, երիտասարդ աշուղ Հրանտ Մուրադյանի անցած ուղուն և ստեղծագործական գործունեությանը: Այժմ, մեկ տարի անց, կխոսենք մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների և ձեռքբերումների մասին:

-Կարող եմ ասել, որ ես բուռն ստեղծագործական գործունեության մեջ եմ: Իրականում շատ բան է փոխվել, ավելացել են նոր երգեր, նոր համերգներ: Վերջերս տեղի ունեցավ իմ հեղինակային երգերի երեկոն Շանթ հեռուստաընկերության <<Arena live>> նախագծի շրջանակներում:

-Հանդիսատեսը Ձեզ առավել ճանաչեց ու սիրեց դարձյալ Շանթ հեռուստաընկերությունից՝ <<Պրեմիերա>> նախագծից: Ինչպիսի՞ն է այդ համագործակցությունը, կհանդիպե՞նք Ձեզ այլ նախագծերում:

-Այդ մասին դեռևս ոչինչ չեմ կարող ասել, որովհետև դեռ նոր նախագիծ չկա, բայց եթե ինձ համապատասխանող նախագիծ լինի գուցե կրկին մասնակցեմ:

Հարցազրույցներից մեկում նշել եք, որ ունեք նաև էստրադային ժանրում գրած երգեր, ինչո՞վ է պայմանավորված ոճային նման փոփոխությունը:

-Ես երգեր գրում եմ այնպես, որ նախ ինձ դուր գա: Իրականում իմ երգերի ոճը չի փոխվել, ժանրային փոփոխությունը միայն գործիքավորման արդյունքն է: Կարելի է ուղղակի փոխել գործիքավորումը և տարբեր ժանրերի երգիչների կատարումով ստանալ այլ տարբերակ:

-Ձեր մասնակցությունը կար նաև վերջերս մեկնարկած  <<Արտ ֆեստ>>  միջազգային երիտասարդական 5-րդ փառատոնին…

-Այո, իմ մտերիմներից մեկը հայտ ուղարկեց և տեղեկացրեց, որ մեկնարկում  է <<Արտ ֆեստ>>  միջազգային երիտասարդական փառատոնը, և ես որոշեցի մասնակցել: Մասնակցեցի և զբաղեցրեցի առաջին պատվավոր հորիզոնականը՝ <<Լավագույն ժողովրդական երգիչ>> անվանակարգում:

Դուք նաև դասավանդում եք:

-Այո, դասավանդում եմ Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում՝ ժողովրդական երգեցողություն բաժնում, նաև ղեկավարում եմ Մեծամոր քաղաքի Ջիվանու անվան աշուղական դպրոցը, ինչպես նաև ունեմ ուսանողների անհատական խմբակներ:

-Ամենամեծ խորհուրդը, որ հաճախ եք տալիս Ձեր ուսանողներին:

-Խորհուրդները իհարկե տարբեր են, եթե մասնագիտականին է վերաբերում, ապա կարևորը աշխատասիրությունն է:

-Միայն աշխատասիրությունը բավակա՞ն է  Ձեր ասպարեզում հաջողության հասնելու համար:

-Ո՛չ իհարկե, դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից ամենակարևորը իհարկե անհատի մարդ տեսակն է:

-Ո՞րն է մարդու  ամենակարևոր տեսակը, ըստ ձեզ:

-Մարդու մեջ ամենաշատը գնահատում եմ մարդկայնությունը:

-Ամփոփելով մեր հարցազրույցը՝ կցանկանայինք խոսել Ձեր առաջիկա ծրագրերից:

-Առաջիկայում սպասվում են համերգային շրջագայություններ Հայաստանի տարբեր մարզերում, որտեղ իմ հեղինակային երգերով հանդես կգան իմ երգիչ ընկերներն ու իհարկե իմ ուսանողները:

 

Հեղինակ՝ Հասմիկ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *